Անվճար գործիք

Հիփոթեքային տոկոսների վերադարձ

Կարո՞ղ եք դեռ հետ ստանալ հիփոթեքային տոկոսների եկամտային հարկը։ Որոշողը ՎԱՐԿԸ ստանալու ամսաթիվն է, ոչ թե առուվաճառքի պայմանագիրը կամ գրանցումը։ ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 160։

Ինչպես եք ձեռք բերել

Երևանի որ գոտում է գույքը, որոշվում է շինությունների տարածագնահատման քարտեզով, ոչ թե վարչական շրջանի անունով․ այդ տվյալը կա Ձեր գործարքի փաստաթղթերում կամ կառուցապատողի մոտ։

Այս էջը ստուգում է միայն իրավունքը։ Գումարը հաշվարկել չի կարող․ այն կախված է բանկի ժամանակացույցով փաստացի վճարված տոկոսներից և աշխատավարձից փաստացի պահված եկամտային հարկից։

Իրավունք
Այս վարկի եռամսյակային սահմանաչափը

Եռամսյակի վերադարձը երեք թվից ամենափոքրն է․ այդ եռամսյակում աշխատավարձից պահված եկամտային հարկը, բանկի մարման ժամանակացույցով այդ եռամսյակում փաստացի վճարված տոկոսները (սուբսիդավորման հաշվին վճարվածը չի հաշվվում) և վերևի սահմանաչափը։

Ձևակերպումը էլեկտրոնային է և եռամսյակային․ մեկ անգամ հայտ, ապա յուրաքանչյուր եռամսյակ դիմում։ Վճարված տոկոսների մասին տեղեկանքը հարկային մարմին ուղարկում է բանկը։ Գումարը փոխանցվում է դիմումից մոտ վեց աշխատանքային օրվա ընթացքում։

Մենք ֆիզիկական անձանց համար այս վերադարձը չենք ձևակերպում․ այս էջն այստեղ է, որովհետև կանոնները շփոթեցնում են գրեթե բոլորին։ Իսկ եթե բիզնես եք վարում և հաշվապահ է պետք՝ դա մենք անում ենք։

Բոլոր հաշվիչները

Հիփոթեքային տոկոսների եկամտային հարկի վերադարձը

Ամեն ինչ որոշում է վարկը ստանալու ամսաթիվը՝ ոչ թե առուվաճառքի պայմանագրի, ոչ գրանցման, ոչ շահագործման հանձնելու օրը։ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի բոլոր ենթակետերն ասում են «ստացված հիպոտեկային վարկերի մասով»։

Փուլային դադարեցումը երևանյան չէ։ Սա վեց քայլից բաղկացած համապետական ժամանակացույց է․ 2022 թ. հուլիսի 1-ից՝ Երևանի առաջին գոտի, 2023 թ. հունվարի 1-ից՝ երկրորդ, 2023 թ. հուլիսի 1-ից՝ երրորդ, 2025 թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներ, 2027 թ. հունվարի 1-ից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք, 2029 թ. հունվարի 1-ից՝ մնացած բոլոր մարզերը։ Վերջին երկուսից բացառվում են Կառավարության ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերը։

Ինչու՞ երևանցիները դեռ ստանում են վերադարձը։ ՀՕ-360-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանափակումները չեն կիրառվում այն շենքերի նկատմամբ, որոնց շինարարության թույլտվությունը տրվել է մինչև 2022 թ. հունվարի 1-ը։ Այդպիսի բնակարանը պահպանում է իրավունքը նույնիսկ այսօր վերցրած վարկի դեպքում։ Հենց սա է շփոթության հիմնական աղբյուրը։

Ի՞նչ գույք է որակավորվում։ Միայն նորակառույցը՝ անմիջապես կառուցապատողից, պետությունից կամ համայնքից բնակարանային ապահովության ծրագրով, կամ սեփական տան կառուցում։ Երկրորդային շուկան չի որակավորվում, և 160-րդ հոդվածի 9-րդ մասն ուղղակի բացառում է կառուցապատման իրավունք ունեցող ֆիզիկական անձից գնելը։ Գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը։

Որքա՞ն։ Եռամսյակային առավելագույնը 1,5 մլն դրամ է, իսկ 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված վարկերի համար՝ 750 հազար (հոդված 160, մաս 2, կետեր 2 և 2.1)։ Սահմանաչափն ընդհանուր է վարկառուի և համավարկառուների համար, եռամսյակները դիտարկվում են առանձին, փոխանցում հաջորդ եռամսյակ չկա։

Վերադարձը ստանում է միայն վարձու աշխատողը, և միայն աշխատավարձից հաշվարկված հարկի մասով։ Իրավունքից կարելի է օգտվել կյանքում մեկ անգամ՝ մեկ վարկային պայմանագրի մասով։

Ես Երևանում եմ գնել, դեռ կարո՞ղ եմ ստանալ

Կախված է երկու բանից՝ ե՞րբ եք ստացել վարկը և ե՞րբ է տրվել շենքի շինարարության թույլտվությունը։ Եթե թույլտվությունը մինչև 2022 թ. հունվարի 1-ն է, սահմանափակումները չեն կիրառվում (ՀՕ-360-Ն, հոդված 5, մաս 2)։ Հակառակ դեպքում որոշում է Ձեր գոտու համար սահմանված ամսաթիվը։

Երկրորդային շուկայից գնածի համար վերադարձ կա՞

Ոչ։ Որակավորվում է միայն անմիջապես կառուցապատողից, պետությունից կամ համայնքից ձեռք բերելը, ինչպես նաև սեփական տան կառուցումը։ 160-րդ հոդվածի 9-րդ մասն առանձին բացառում է կառուցապատման իրավունքի պայմանագրի կողմ ֆիզիկական անձից գնելը։

Որքա՞ն է եռամսյակային սահմանաչափը

1,5 մլն դրամ մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված վարկերի համար և 750 հազար՝ 2025 թվականից ստացվածների համար։ Սահմանաչափն ընդհանուր է վարկառուի և բոլոր համավարկառուների համար։

Ինչպե՞ս է ձևակերպվում

Բացառապես էլեկտրոնային՝ մեկ անգամ հայտ, ապա յուրաքանչյուր եռամսյակ դիմում։ Վճարված տոկոսների մասին տեղեկանքը հարկային մարմին է ուղարկում բանկը՝ ԱՔՌԱ-ի միջոցով, ոչ թե Դուք։ Գումարը փոխանցվում է դիմումից մոտավորապես վեց աշխատանքային օրվա ընթացքում։

Վերադարձված գումարը հարկվու՞մ է

Ոչ։ Գործող օրենսգրքում այդպիսի դրույթ չկա։ Մամուլում քննարկվել է ֆինանսների նախարարության համապատասխան առաջարկը, սակայն այն օրենք չի դարձել։

Աղբյուրներ՝ ՀՀ հարկային օրենսգիրք, հոդվածներ 160, 445; ՀՕ-360-Ն օրենք, հոդված 5; ՀՕ-291-Ն օրենք; Կառավարության N 1321-Ն և N 1023-Ն որոշումներ։ Դրույքաչափերը՝ առ 2026-08-03.